Սննդամթերքի անվտանգության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևոր և հրատապ հիմնախնդիրներից մեկը: Սպառողների առողջության ապահովման համար սննդամթերքի անվտանգության բնագավառի զարգացումը և կատարելագործումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է:
Սննդամթերքի անվտանգության ապահովումը նպատակաուղղված է սպառողներին անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը, պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև՝ տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շուկայի կայուն զարգացմանը:
ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ամրապնդել երկրի պարենային անվտանգությունը՝ ապահովելով սննդամթերքի արտադրության, վերամշակման, տեղափոխման և իրացման գործընթացների անվտանգ և պատշաճ գործելակարգը, ինչն, ի թիվս այլոց, կնպաստի անվտանգ և որակյալ սննդամթերքի արտադրության և մրցունակության բարձրացմանը արտաքին և ներքին շուկաներում:
Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները: Այն պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքներն ամրագրող և սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից պաշտպանող ոլորտ է: Ոլորտի կարգավորման հիմնական նպատակը հանրության առողջությունը սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքով), ինչպես նաև՝ սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովումը, սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում հետագծելիության սկզբունքի կիրառմամբ՝ պետական վերահսկողության ապահովումը:
Սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով, սննդի շղթայի օպերատորները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման բոլոր փուլերում սննդամթերքի որակն ու անվտանգությունն ապահովելու համար:
Ի վերջո, սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի իրավունքն ու պարտականությունն է, և սնունդը ոչ միայն մշակույթ է, այլ մարդու հիմնարար իրավունքը:
Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը.
Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորվում է «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Ստանդարտացման մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև՝ մի շարք այլ օրենքներով և շուրջ 100 ենթաօրենսդրական իրավական ակտերով:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված, աշխատանքներ են իրականացվում սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը: Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին իրավական կարգավորում տալու նպատակով, մշակվել և մշակվում են ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր, այդ թվում՝
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն որոշումը:
Սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրության կատարելագործմանը նպատակաուղղված, մշակվել են նաև հետևյալ իրավական փաստաթղթերը.
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը,
««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-283-Ն ՀՀ օրենքը.
Հունիսի 7-ը նշվում է որպես սննդամթերքի անվտանգության միջազգային օր: