«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունն աջակցում է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթի» միջոցով: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշում է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը և քաղաքացիներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով պայմանավորված այս դժվարին շրջանում։
Աջակցության թիրախում են մասնավորապես տնտեսության այն բնագավառները, որոնք ավելի ծանր հարված են կրել։ Խոցելիներից մեկը տուրիզմի բնագավառն է, և Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ համատեղ սկսում է հատուկ դրամաշնորհային սխեմա, որի միջոցով առաջարկվում է շուրջ 300 հազար եվրո աջակցություն զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող հայաստանյան բիզնեսներին։
Մրցույթի մասին առցանց ասուլիսի միջոցով պատմում են Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի (GIZ) տնօրեն Աննե Դորիթ Քեմփան, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի» բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալքը: