Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառման՝ հայտնում ենք հետևալը․
ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ցանկություն է հայտնել հանդիպում կազմակերպկել նախարարության ներկայացուցչի և ներդրողի միջև՝ վերջինիս համապատասխան աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Նույն օրը երեկոյան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնի աշխատանքների գծով պատասխանատու նախարարի խորհրդականը հանդիպել է ներդրողի ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը ցանկություն է հայտնել մասնակցել նաև Սարգիս Ալեքսանյանը։ Ներդրողի ներկայացուցիչը նշել է, որ իրենք չունեն հստակ ներդրումային ծրագիր։ Ուստի, նախարարի խորհրդականը ներկայացրել է ներդրումային ծրագրերի, ուղղությունների և ներդրումների կլանման ու արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։ Ներկայացվել են նաև ներդրումների իրականացման ընթացքում տարբեր պետական ընթացակարգերը, ինչպես նաև գործող օրենսդրության շրջանակներում ներդրողներին տրամադրվող հարկային, մաքսային և այլ տեսակի արտոնությունների համակարգը։
Նախարարության ներկայացուցիչը անդրադարձ է կատարել ներդրումների կարգավորման իրավական դաշտին։ Ի պատախասն պնդմանը, թե օտարերկրյա ներդրողների մասով կարգավորումները բացակայում են՝ նա պարզաբանել է, որ գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, այն սահմանում է հիմնական կարգավորումները, ներդրումների պաշտպանության մեխանիզմներն ու երաշխիքները։ Ի լրումն՝ գործում են ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 43 երկրների հետ, որոնք առավել բարենպաստ ռեժիմներ են սահմանում ստորագրող կողմերի ներդրողների համար։ Նախարարի խորհրդականն արձագանքել է նաև այն պնդումներին, որ օրենքը բարենպաստ չէ, քանի որ անփոփոխ գործում է տասնյակ տարիներ․ գործող օրենսդրության արդյունավետությունը վերահաստատվել է նաև վերջերս ներկայացված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցում, ինչպես նաև Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում, որտեղ Հայաստանը գտնվում է ազատական ռեժիմներով երկրների տասնյակում։
Հանդիպման ավարտին ներդրողի ներկայացուցիչը նշել է, որ ներկայացված հնարավորությունները կառաջարկվեն ներդրողին։
Թեև ներդրումներ իրականացնելու նպատակահարմարության հարցը բացառապես ներդրողի որոշումն է, առնվազն տարակուսելի է, որ երեք ժամ տևող փաստարկված և բովանդակալից պարզաբանումների արդյունքում հեղինակը նման եզրահանգումներ է արել։ Միևնույն ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը, որը «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայություններ է մատուցում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողներին, շարունակում է քննարկումները Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեցող անձանց և կազմակերպությունների հետ։ Պատրաստ ենք շարունակել աշխատանքները թե՛ տվյալ ներդրողի, և թե՛ նրա ներկայացուցչի հետ՝ տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն հետագա ծրագրերի հստակեցման համար և աջակցելու ներդրումների իրականացման գործընթացում։
Կապ Կենտրոնի հետ
էլ.փոստ`оnewindow@mineconomy.am
Հեռ.`+374 11 597 109
Հասցե` ք. Երևան, Մ.Մկրտչյան