ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 18-ին ընդունել է Բրազիլիայում սովի դեմ պայքարի առաջատար կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանին և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) տնօրեն Լեյլա Մելիուհին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցականների հավասարակշռված և առողջ սննդի ապահովման, ինչպես նաև դպրոցական սննդի համակարգում ֆերմերների և համայնքների ներգրավվածության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում հյուրերը ներկայացրել են Բրազիլիայի հարուստ փորձը՝ ընդգծելով ինտեգրված մոտեցումների կարևորությունը, որոնք նպաստում են կրթության, առողջ սնուցման և գյուղական համայնքների կայուն զարգացման համատեղ առաջընթացին։
Կարևորելով դպրոցական սննդի արդյունավետ և կայուն համակարգի ձևավորման գործընթացում միջազգային լավագույն փորձը՝ կողմերը միաժամանակ ընդգծել են, որ տարբեր երկրների հաջողված մոդելների տեղայնացումն ու ազգային պայմաններին համապատասխանեցումը կարևոր նախապայման են ծրագրերի երկարաժամկետ արդյունավետության և կայուն զարգացման ապահովման համար։