ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 15-ին կազմակերպվել է «2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման» վերաբերյալ հանդիպում-քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, մարզպետների աշխատակազմերի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ներկայացուցիչներ և գյուղատնտեսության հարցերով պատասխանատուներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են միջոցառման պայմաններն ու դրանից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ։
Պետական աջակցության նպատակն է հանրապետության մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին։ Միջոցառումը կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։