ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մայիսի 11-ին ընդունել է Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» (Successful Business Leaders' Club) պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել գործարար առաքելությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, կայուն բրենդավորումը և ԵՄ ստանդարտներին համապատասխանող արտադրությունների զարգացումը:
Կարևորվել է Կիպրոսի դերը՝ որպես հայկական ընկերությունների համար դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ: Պատվիրակության անդամների կողմից առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի դերը։
Քննարկվել են նաև հայկական արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, ինչը կարող է նպաստել տեղական ապրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների ղեկավարներ և միջազգային փորձագետներ, այդ թվում՝ ռազմավարական խորհրդատվության, իրավաբանական և ֆինանսական ծառայությունների ոլորտներից։