Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանը ներառվել է «Ներմուծման խթանման գրասենյակ» (Import Promotion Desk – IPD) նախաձեռնության գործընկեր երկրների ցանկում։
Այս որոշումը կարևոր փուլ է ներկայացնում Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդման գործում։ Այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկաներում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը։
IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։ Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի սերտորեն համագործակցել Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), ինչպես նաև նախաձեռնությունը իրագործող գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու համար, որ հայկական արտադրողները համապատասխանեն եվրոպական շուկայի ստանդարտներին, օգտվեն արտահանման խթանման գործիքներից և մասնակցեն Գերմանիայում ու այլ երկրներում անցկացվող առաջատար միջազգային ցուցահանդեսներին՝ իրենց արտադրանքը հաջողությամբ դիրքավորելու եվրոպական շուկաներում։