ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, մասնակցել է Ճապոնիայում անցկացվող «Expo 2025 Osaka, Kansai, Japan» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում կայացած Հայաստանի ազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Պատվիրակության անդամները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում, ապա վարչապետի գլխավորությամբ այցելել են Հայաստանի ազգային տաղավար, որը կրում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը։ Այն ներկայացնում է ութ խորհրդանշական «սյուն», որոնք արտացոլում են Հայաստանը՝ իր հնագույն պատմությամբ, ստեղծարար մտքով, ժամանակակից տեխնոլոգիաներով և խաղաղությանն ուղղված հանձնառությամբ։
Հայաստանի ազգային օրվա միջոցառման ընթացքում Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես է եկել ավանդական պարային ծրագրով։
Միջոցառման մասնակիցները վայելել են հայ-ճապոնական նորաձևության բացառիկ ցուցադրություն․ հայ դիզայներ Արմինե Օհանյանի աշխատանքները ներկայացվել են ճապոնացի նկարիչ Կիիչիրո Օգավայի կենդանի նկարչության և դաշնակահար Տիբո Մեննիլոյի կենդանի կատարումների ներքո։
Հեղինակավոր դաշնակահար Վահագն Հայրապետյանը ներկայացրել է ջազային և ժողովրդական ոճերից ներշնչված ստեղծագործություններ և իմպրովիզներ։
Իսկ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով։
Ցուցահանդեսը մեկնարկել է ապրիլին և կշարունակվի մինչև հոկտեմբեր։ Այս ընթացքում արդեն մեկ միլիոնից ավելի այցելուներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական տաղավարին։ Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու աշխարհին՝ իր պատմությամբ, մշակույթով և նորարարություններով։