ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին այցելել է Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ։ Շրջայցին մասնակցել են նաև ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներ։
Քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանի և փոխտնօրեն Արայիկ Պողոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է քոլեջի տարածքով, ծանոթացել հագուստի մոդելավորման և նախագծման աշխատանքներին և ուսումնական գործընթացին։
Այնուհետև քննարկվել են քոլեջի զարգացման հնարավորությունները, առկա խնդիրները, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպման հնարավորությունները։
Էդգար Զաքարյանը նշել է, որ թեթև արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է, ուստի կարևոր է բարձրակարգ, ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը։ Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Էդգար Զաքարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել քոլեջի կրթական ծրագրերի արդիականացմանը՝ դրանք համապատասխանեցնելու համար աշխատաշուկայի արդի պահանջներին: