Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Պանո» ընկերություն՝ ծանոթանալու ընկերության գործունեությանն ու զարգացման ծրագրերին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
2013 թվականին հիմնադրված «Պանո»-ն այսօր իր կարևոր տեղն է զբաղեցնում Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտում՝ արտադրելով շուրջ 200 տեսակի հաց, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
Ընկերության հիմնադիր Արամ Աբրահամյանի և տնօրեն Լյուդվիգ Չոլոյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության լաբորատորիայում, արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրված տեխնոլոգիաներին։ Գործունեության արդիականացման նպատակով ընկերությունն օգտվել է լիզինգի պետական աջակցության գործիքակազմից։
Շրջայցի ընթացքում ներկայացվել են ընկերության ձեռքբերումները, արտադրական հզորությունները և արտադրության ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը։