ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է «PanArmenian Expo 2024» 16-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։
«Շատ ուրախ եմ, որ բացի հայրենական արտադրության ընկերություններից, այստեղ ներկա են նաև արտասահմանյան մեր գործընկերները, ինչը հրաշալի հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու, նոր հնարավորություններ բացահայտելու և, ինչու չէ, նաև փորձի փոխանակման համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը։
Ցուցահանդեսի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչելիությունն ու պահանջարկը, ավելացնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները, զարգացնել Հայաստանի և այլ երկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը, ինչպես նաև բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից, որոնք ներկայացնում են սննդարդյունաբերություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, խնամքի միջոցներ, ծառայություններ և տեքստիլ ոլորտները։ Ցուցահանդեսի ընթացքում նախատեսված են B2B հանդիպումներ և պանելային քննարկումներ։
Նախարարի տեղակալը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին և առաջարկել օգտվել պետական աջակցության ծրագրերից։