ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Մենք համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք, մասնավորապես` տեխնոլոգիաների, կայունության և նորարարության ուղղություններով: Առկա է նաև համատեղ նախաձեռնությունների ներուժ՝ հաշվի առնելով Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը, ինչպիսիք են գինին, մեղրը, կոնյակը, գարեջուրը, շոկոլադը և հանքային ջուրը: Այդ նպատակով նախարարը բելգիական կողմին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել Բելգիայի ագրոպարենային ոլորտում սպասվող իրադարձությունների՝ ցուցահանդեսների, համաժողովների, տոնավաճառների, առևտրային առաքելությունների և կոնֆերանսների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի Թագավորության հետ, 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 175․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11․7%-ով։