ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը AI Conf 2024-ի շրջանակում մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։
Սևակ Միքայելյանը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերը, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։
Նախարարի տեղակալը նշել է․ «Արհեստական բանականությանը մեծ նշանակություն է տրվում hայաստանյան տնտեսության համար՝ հատկապես գյուղատնտեսության, էներգետիկայի և արտադրության ոլորտներում: Այսօր այն կարող է և օգնում է բարձրացնել արդյունավետությունը, նվազեցնել ռեսուրսների վատնումը և խթանել ոլորտների թվայնացումը՝ նպաստելով կայուն տնտեսական աճին»։
Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը։ ՓՄՁ շրջանակներում թվային լուծումների կիրառումը խրախուսելու նպատակով՝ Կառավարությունը իրականացնում է հեռանկար ենթադրող մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ նախատեսվում է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերել թվային և նորարարական տեխնոլոգիաներով վերազինվելու, գործընթացները պարզեցնելու և արտադրողականությունն ու մրցունակությունը բարձրացնելու համար։