«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 3-ին այցելել են «Հին Արենի» գործարան, ծանոթացել տարածաշրջանի գինեգործության պատմական ավանդույթներին և խաղողի տեղական տեսակներին:
Մասնակիցներն այցելել են նաև Արենի-1 քարանձավ՝ աշխարհի ամենավաղ հայտնի գինեգործարան, որից հետո պատմական նշանակությամբ 13-րդ դարի կառույց՝ Նորավանք։
«Նոա» խաղողի այգում մասնակիցները ներկա են եղել «Գինին փոփոխվող աշխարհում. նորարարական խաղողագործությունը և գինեգործությունը՝ կլիմայական մարտահրավերների դեմ պայքարելու և համաշխարհային պահանջարկն ակտիվացնելու համար» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է InVIno-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի գինեգործության ապագայի և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները։