ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է «Armenia EXPO 2024» 23-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին։
Ողջունելով մասնակիցներին՝ Սևակ Միքայելյանը համոզմունք է հայտնել, որ այս ցուցահանդեսը հայկական ընկերությունների համար կստեղծի համագործակցության նոր եզրեր գտնելու և գործընկերների հետ նոր պայմանագրեր կնքելու նոր հնարավորություններ։
«Armenia EXPO» ցուցահանդեսային ֆորումը տարածաշրջանային խոշորագույն միջոցառում է, որին մասնակցում են տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող հայկական և արտասահմանյան ընկերություններ։
Ամեն տարի ցուցահանդեսը միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշորագույն արտադրողներին մեկ հարթակի վրա՝ հնարավորություն տալով նրանց համարժեք և արդյունավետ ներկայացնել իրենց արտադրանքը։
ARMENIA EXPO-ն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ գործող ընկերությունների, կազմակերպությունների, ապրանքանիշերի մասին, գտնել շահութաբեր բիզնես գործընկեր կամ օտարերկրյա ներդրող և նպաստել հաջող մարքեթինգին:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։