Սեպտեմբերի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է Winds of Armenia առագաստանավային ակումբի կողմից կազմակերպված Առագաստանավային սպորտի J/70 դասում առաջին անգամ անցկացվող Հայաստանի բաց առաջնությանը։ Բացման արարողությանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից, Իտալիայից և մի շարք այլ երկրներից: J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 6 մլն ՀՀ դրամ:
Առաջնության գլխավոր մրցավարը կլինի իտալացի Լուկա Բաբինին, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։
Winds of Armenia նախագիծը հետապնդում է Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորման, երկրի երիտասարդության մարզական դաստիարակության, Սևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը նպաստելու և մարզական ու զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակներ։
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը իր ողջույնի խոսքում նշել է. «Սևանը մեզ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի, և այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք երկարացնել տուրիզմի սեզոնը երկու ամսից մինչև ամբողջ տարի: Մենք ամբողջ ընթացքում՝ սկզբից մինչև վերջ, մեր լիազորությունների սահմաններում աջակցում ենք և միշտ կանգնած ենք մեր ներդրողների կողքին»։