«Թվային դարաշրջանը գյուղատնտեսության զարգացման համար ստեղծում է նոր և բացառիկ հնարավորություններ»․ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը ու Նարեկ Հովակիմյանը։
Քննարկվել են ՊԳԿ-ի հետ համագործակցության խորացման ու ընդլայնման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտի զարգացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած մարտահրավերների հաղթահարման, վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցով բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման և այլ ուղղություններով։
Ընդգծելով հատկապես գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության կարևորությունը՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ կառավարության համար այն գերակա ոլորտ է, և որպես դրա ապացույց շեշտվել է այն փաստը, որ վերջին տարիներին մոտ 7 անգամ մեծացել է ոլորտին տրամադրվող պետական աջակցության մասնաբաժինը։
Նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կստեղծի ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար: