Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։
Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր երկրների հետ և իհարկե պահպանելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներակայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, դեղագործության, մետաղագործության, առողջապահության, էներգետիկայի և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում: