ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը վերջերս տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լիտվական առաջատար ընկերությունների հետ համագործակցությանը, հայ-լիտվական համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, նորարարությունների և գիտության ոլորտներում, տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացներում, կանաչ տնտեսության, ինչպես նաև շուկայի դիվերսիֆիկացման, որակի ստանդարտացման բնագավառներում փոխգործակցության հնարավորություններին։
Քննարկվել են նաև երկու երկրներում կազմակերպվելիք ցուցահանդեսներին և բիզնես համաժողովներին մասնակցության նպատակով արտահանման ներուժ ունեցող սուբյեկտներին աջակցության տրամադրման հնարավորությունները (համաֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և այլն)։