Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 6-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը։
Նախարարը «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է համալիրում, հետևել ընթացիկ շինարարական աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների կառուցմանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։
Ավարտական փուլում «Մայլեռը» կունենա ընդհանուր 17 հիմնական նստատեղային և գոնդոլային ճոպանուղի, 102 կմ երկարությամբ սահուղիներ։ Կառուցվելու են հյուրանոցներ, ռեստորաններ, ամառային և ձմեռային ատրակցիոններ: «Մայլեռում» հասանելի կլինեն ձմեռային մարզաձևերի և ժամանցի տարբեր ձևեր՝ զիփ-լայն, ձիավարություն, լեռնագնացություն և հեծանվային արշավներ, քեմփինգ, զորբինգ, ռոդելբան, փեյնբոլ/ սթրայքբոլ (Airsoft) և այլն։
«Մայլեռն» իր գործունեությամբ կնպաստի մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։