Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 1-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, այլ պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։
Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և ոլորտը գրավիչ է դարձել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների համար։ Աճի բարձր դինամիկան պահպանվել է 2023 թ.-ին ևս. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով, ինչին մեծապես նպաստել է նաև երկրում ՏՏ ոլորտի արագ զարգացումը։
«Մենք հիմա գտնվում ենք նոր տեխնոլոգիական դարաշրջանի սկզբում։ Արհեստական բանականությունը, որը մեծ թափով թափանցում է մեր կյանք, հանդիսանալու է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալի գործոն, որը բերելու է էական փոփոխությունների, այդ թվում՝ տնտեսության և ՏՏ ոլորտներում»,-նշել է նախարարը։
Համաժողովի ընթացքում ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա տարիների ռազմավարությունը: