Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ ԷՆ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման գիտական կենտրոն» ՓԲԸ։ Նախարարին ուղեկցում էր նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։
Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Տիգրան Մարկոսյանը պաշտոնյաներին է ներկայացրել կենտրոնի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, պայքարի միջոցառումների շրջանակում իրականացված հետազոտությունները և վերլուծությունները։
Գիտական կենտրոնի լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, և համալրված է երիտասարդ աշխատակիցներով, ինչպես նաև կենտրոնը սերտ համագործակցում է միջազգային տարբեր գործընկերների հետ։
Տիգրան Մարկոսյանը նախարարին է ներկայացրել կենտրոնի զարգացման իրենց տեսլականը, որը հիմնված է գիտական աշխատանքների առևտրայնացման, անասնաբուժական նշանակության պատվաստանյութերի և դեղամիջոցների արտադրության ներդրման վրա։
Նախարարը պատրաստակամություն է հայտնել Էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել կենտրոնի բազմակողմ զարգացմանը։