Հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Արտահանման խթանման գործիքներ՝ Շվեյցարիայի Համադաշնության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (Swiss GSP) հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից՝ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել Շվեյցարիայի կողմից տրամադրվող «GSP»-ի կիրառման ընդլայնմանը:
«Մեզ համար գերկարևոր է արտահանման դիվերսիֆիկացումը տարբեր շուկաներ, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան և արաբական շուկաներ։ Ներկայում մենք գտնվում ենք արտահանման ավելի համապարփակ ռազմավարության մշակման փուլում, որն առաջիկայում կկարողանանք ներկայացնել հանրային քննարկմանը», - իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Շվեյցարիայի կողմից տրամադրվող «GSP» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, «Գրանցված արտահանողի համակարգը» («REX») և դրա կիրառությունը, դեպի Շվեյցարիա արտահանելու հնարավորությունները և մարտահրավերները՝ անդրադառնալով սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանմանն առնչվող հիմնական հարցերին։