Մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առևտրի, ներդրումների և գործարար կապերի զարգացմանը նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Գործարար համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Էդվարդ Կոժուշնիկը։
Չեխիայի առևտրի պալատի փոխնախագահ Ռադեկ Յակուբսկին և Չեխիայի Արդյունաբերության համադաշնության փոխնախագահ Ֆրանտիշեկ Չալուպեցկին ներկայացրել են Չեխիայում բիզնես վարելու, ներդրումներ և տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Հայկական կողմից շնորհանդեսով հանդես է եկել «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչը։
Համաժողովի շրջանակում շնորհանդեսներ են ներկայացրել նաև «Թումո» կենտրոնի, «Jasmine Home Textile»-ի և «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։
Գործարար համաժողովի ավարտին երկու երկրների գործարար շրջանակների միջև տեղի են ունեցել B2B հանդիպումներ, որոնց ընթացքում հայ և չեխ գործարարները հնարավորություն են ունեցել ձեռք բերել պայմանավորվածություններ՝ անմիջական շփումների և նոր գործարար կապերի հաստատման վերաբերյալ։