Նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին մասնակցել է «Շտիգեն» ընկերությունների խմբի կազմակերպած «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով համաժողովին:
Իր ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը համառոտ անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտեցումներին՝ ՀՀ-ում կանաչ տնտեսության զարգացման գործում մասնավոր և ինստիտուցիոնալ կապիտալի դերակատարությանը։
«Կառավարությունն ունի մշակած գործողությունների ծրագիր, որի առանցքային փաստաթղթերից է Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, որը մշակման ավարտական փուլում է և շուտով կկարողանանք այն իրականացնել։ Բացի այս, ներկայում մշակվում է նաև կանաչ տաքսոնոմիան», - նշել է Վահան Քերոբյանը։
Համաժողովի ընթացքում կայացել է նաև պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են կանաչ էներգետիկայի զարգացման միտումներն աշխարհում և ՀՀ-ում, կանաչ ֆինանսավորման մարտահրավերները, ինչպես նաև կենսաթոշակային և վենչուրային ֆոնդերի դերը դրանց հաղթահարման և մասնավոր կապիտալի ներգրավման գործում։