Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2022 թ․ ինը ամիսների հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։
Նա նշել է, որ հիմնադրամն իրականացնում է խաղողագործությունը և գինեգործությունը խթանող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ խաղողի տնկարկների էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի՝ ռեեստրի ստեղծում, որում ներկայացված են խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին մշտապես թարմացվող տեղեկատվությամբ: Հինգ մարզերում (Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ և Վայոց ձոր) նույնականացվել և սահմանագծվել է շուրջ 11 830 հա փաստացի խաղողի այգի։
ՀՀ-ում խաղողագործության ճյուղի համակարգային զարգացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ աջակցություն խաղողի արժեշղթայի ուսումնասիրությանը, խաղողագործության զարգացման ծրագրի մշակում, հանդիպումներ և քննարկումներ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերի 10-ից ավել խոշոր խաղողագործական բնակավայրերի հարյուրավոր խաղողագործների հետ, Արմավիրի, Արարատի և Արենիի խաղողագործների միությունների գրանցում Պետական ռեգիստրում, այցեր խաղողի այգիներ՝ վնասված այգիների ֆիտոսանիտարիական վիճակի ուսումնասիրության նպատակով։
Միջազգային շուկաներում հայկական գինիների ճանաչելիության ևվարկանիշի բարձրացման, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման նպատակով ՀԽԳՀ-ն իրականացրել է մի շարք ծրագրեր և մարքեթինգային արշավներ։ Հայկական գինիները ներկայացվել են տարբեր միջազգային հարթակներում, մասնավորապես՝ «London Wine Fair 2022». (Լոնդոն), Women in Wine Expo (Վրաստան), «ProdExpo 2022». (Մոսկվա) «ProWein 2022» (Դյուսելդորֆ) և այլ ցուցահանդեսներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ հիմնադրամի կողմից նախատեսվող միջոցառումներին։