Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի և խորհրդարանական գործունեության նախարարի տեղակալ Լենա Իզոտովայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Արզումանյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների հետ տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության ընդլայնումը։
Այնուհետև Արմեն Արզումանյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, պետական աջակցության մեխանիզմները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բաշկորտոստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Պատվիրակության ղեկավար Լենա Իզոտովան նշել է, որ Բաշկորտոստանում առկա է մեծ պահանջարկ հայկական ապրանքների նկատմամբ, և գործարարները մեծապես հետաքրքրված են հայկական կողմի հետ ամուր գործարար հարաբերությունների հաստատմամբ։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հայկական բիզնեսը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել Բաշկորտոստանի շուկայում։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ գործարար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև Բաշկորտոստանում Հայաստանի առևտրի տուն ստեղծելու հնարավորությանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում և Բաշկորտոստանում առավել պահանջարկ ունեցող ապրանքները՝ փոխադարձ առևտուրն առավել ակտիվացնելու նպատակով։