ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 21-ին կայացել է ՀՀ Էկոնոմիկայի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների որոշմամբ 2022 թ․ սեպտեմբերին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Ռազմավարական զարգացման կենտրոնն արդեն դառնում է ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում ինստիտուցիոնալ վերափոխումների կենտրոն, որը նպաստում է մեր երկրի ամրապնդմանն ու բարեկեցության աճի պահպանմանը, այլ նաև ինտելեկտուալ հարթակ, որը միավորում է փորձագիտական հանրությանը քննարկումների, փորձի փոխանակման և գործնական, կիրառական լուծումների մշակման նպատակով», - նշել է Վահան Քերոբյանը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը զարգանում է ակտիվ տեմպերով, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, ինչի մասին վկայում է այն հագնամանքը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է ևս 60 տոկոսով և Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ մեկ երրորդը կազմում է Ռուսաստանի մասնաբաժինը։
Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի տնտեսության, ապրանքային հոսքերի և ծառայությունների վերակազմավորման հիմնական շահառուներից մեկն է, և այդ հանգամանքն անհրաժեշտ է երկուստեք առավելագույնս օգտագործել, նախ և առաջ՝ զարգացնելով արդյունաբերական կոոպերացիան։ Ըստ բրա՝ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են հաջողված օրինակներ, մասնավորապես՝ էներգետիկայի, ֆինանսների, օգտակար հանածոների արդյունահանման, մետալուրգիայի, մեքենաշինության, լոգիստիկայի, դեղագործության ոլորտներում:
ՌԴ նախարարը նշել է նաև, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացում գործընկեր երկրների բիզնեսի համար։
«Ռուսական շուկայից մի շարք օտարերկրյա ընկերությունների հեռանալը, արտահանման-ներմուծման վերակողմնորոշումը, լոգիստիկայի և տրանսպորտային ուղիների վերաձևակերպումը բազմաթիվ հեռանկարային ոլորտներ ազատեցին, որտեղ նախկինում դժվար էր հայտնվել` բարձր մրցակցության պատճառով։ Հիմա այդ ոլորտներն ազատվում են, պահանջարկը գերազանցում է առաջարկը, և մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանի գործարարներին»,- նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը։