Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։
Նիստին մասնակցել են Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանն Ալեքսանդր Կոնյուկը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը, այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։
Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը և հավելել․ «Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք ժամանակի ընթացքում վերածելով երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության։ Մեր դժվարին և անկայուն ժամանակներում Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել բելառուս գործընկերներին և աջակցել բելառուս արտադրողներին»։
Ալեքսանդր Կուլիկը՝ ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել․ «Մենք ունենք մեծ շուկա, ներուժ, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։ Պետք է աշխատենք կոոպերացիոն կապերը զարգացնելու և համատեղ արտադրանք թողարկելու ուղղությամբ, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում»։
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Անդրադարձ է կատարվել նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, սպորտի, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Ամփոփվել են 2021 թվականին Մինսկում կայացած հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրության կետերի իրականացման աշխատանքներն ու հաջորդ տարի միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման ժամկետները։
Միջոցառման ավարտին ստորագվել է նիստի արձանագրությունը, որի կետերի իրականացումը կնպաստի Հայաստանի և Բելառուսի տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։