ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում մասնակցել են TOTAL կենտրոնի բացմանն ու https://totalservice.am/ կայքի շնորհանդեսին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ։
Կենտրոնը կոնցեպտուալ համալիր է, որտեղ ներկայացված են բարձրորակ շինարարական, այգեգործական գործիքներ։ Այստեղ հաճախորդներին մատուցվելու են տարբեր ծառայություններ, ինչպես նաև իրականացվելու են կրթական ծրագրեր ուսանողների, վարպետների, վաճառող-խորհրդատուների համար։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, «Կառավարությունը շատ է կարևորում տնտեսության արտադրողականության բարձրացումը և այս հարցում կենտրոնը շատ կարևոր առաքելություն ունի, քանի որ այս խանութում ներկայացված գործիքների կիրառմամբ վարպետները, ֆերմերներն ու ընկերությունները կկարողանան բարձրացնել արտադրողականությունը։ Իսկ խանութում գործող ուսումնական կենտրոնը տալու է այն գիտելիքները, որոնցով մարդիկ կկարողանան առավել արդյունավետ օգտվել այս գործիքներից»։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Միհրան Մեհրաբյանը։
TOTAL ապրանքանիշը աշխարհի ամենադինամիկ զարգացող ընկերություններից է: Այն ներկայացված է աշխարհի ավելի քան 180 երկրներում։
Ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը, որի առաքելությունն է բիզնեսի ժամանակակից տեխնոլոգիաների, նորարարական լուծումների շնորհիվ հեշտ և արդյունավետ դարձնել վարպետների և բնակչության լայն շերտերի առօրյա աշխատանքը։ Ընկերությունն արդեն իսկ ունի 140 պաշտոնական խանութ Հայաստանում և Արցախում։