ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, որը հնարավոր է իրացնել ԵԱՏՄ շրջանակում ակտիվ համագործակցության միջոցով։
Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, ներկայիս առաջնահերթություններն ու հիմնական խնդիրները, ինչպես նաև գոհունակությամբ նշել, որ վերջին ամիսներին ոլորտում գրանցվում են բարձր ցուցանիշներ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսատնտեսական խնդիրներին, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև գործարար միջավայրի բարելավմանը և ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում։
Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես-ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային և սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում։