ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության (Росалкогольрегулирование) պատվիրակությանը, որի կազմում էին Ծառայության ղեկավարի օգնական Մաքսիմ Բեզրուկովը, Նախագծային գործունեության և դատական աշխատանքի վարչության պետ Ալեքսանդր Մոիսեևը և Վերլուծական վարչության պետի տեղակալ Յուրի Սուշենցովը։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ալկոհոլային խմիչքների արտադրությանն ու շրջանառությանը, արտահանման ծավալների ավելացմանն ու ոլորտում շուկայի կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը փորձի փոխանակման տեսանկյունից, քանի որ ալկոհոլային արտադրանքը զգալի տեղ է զբաղեցնում Հայաստանի արտահանման շուկայում։
Այնուհետև կողմերը դիտարկել են Հայաստանում ալկոհոլային արտադրանքի արտադրության և շրջանառության ծավալների հաշվառման Միասնական պետական ավտոմատացված տեղակատվական համակարգի (ЕГАИС) ներդրման հնարավորությունը։
Պատվիրակության անդամները ներկայացրել են համակարգի գործունեության հիմնական սկզբունքները, հաշվառման եղանակներն ու գործընթացի վերահսկման մեխանիզմները, այդ թվում՝ իրականացվող լաբորատոր հետազոտությունները։
Կողմերը քննարկել են նաև ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման և դրա շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։