Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարությունում ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին։
Հանդիպմանը ներկա էին նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն կսուբսիդավորի այս նախագծի ներդրումային ծախսերը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ բոլոր կողմերին համատեղ ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որը ևս մեկ քայլ կլինի մեր գործընկեր Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը խորացնելու և միաժամանակ Հայաստանում մասնավոր հատվածին աջակցելու ուղղությամբ։ Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց ներկայումս բախվում է աշխարհը պարենային անվտանգության առումով՝ ծրագիրն ավելի քան արդիական է»,- նշել է Մհեր Գրիգորյանը։
Վահան Քերոբյանը՝ բարձր գնահատելով այս նոր համագործակցությունը, նշել է․ «Գյուղատնտեսությունն, իհարկե, մեզ համար առաջնային ուղղություն է և երկրի տնտեսության շարժիչ ուժը։ Հետևաբար՝ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ նոր համագործակցության հնարավորությունները։ Պիլոտային ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ, միանշանակ, կդառնա ագրոարդյունաբերական համալիրի զարգացման նոր շրջափուլ, ինչպես նաև կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանը։ Բացի այդ, ծրագիրը կաջակցի մասնավոր հատվածին, և վստահ եմ, որ կնպաստի արտահանման ներուժին։ Էկոնոմիկայի նախարարության անունից վստահեցնում եմ, որ մենք պատրաստակամ ենք ամեն կերպ աջակցել այս ծրագրի հաջող իրականացմանը»,- նշել է Վահան Քերոբյան։
Պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան ֆարմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
Եռակողմ հուշագրի ստորագրումից հետո Նիկոլայ Պոդգուզովը, Վահան Քերոբյանն ու Դավիթ Երեմյանը տեղական և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ ճեպազրույցով։