ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի ազգային համակարգող Արման Խոջոյանի նախաձեռնությամբ, բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի «Չաթհամ հաուսի» և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ հուլիսի 20-ին կազմակերպվել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովը։
Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային Բանկի, ՊԳԿ-ի, պետական մի շարք գերատեսչությունների, միջազգային, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ։
Աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի պարենային համակարգի համար հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները և վերհանել ապագայի համար հնարավոր սցենարների պատասխանները:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է․ «Վերջին երկու տարվա մարտահրավերները ստիպեցին, որպեսզի մենք վերագնահատենք մեր կարողությունները, դիտարկենք նոր հնարավորություններ, ինչպես նաև պարենային համակարգեր կառուցելու և կայուն համակարգեր ունենալու համար ձեռնարկենք մի շարք միջոցառումներ։ Մեր նպատակն է, որպեսզի հիմնական չորս հինմնասյուները, որոնք ձևավորում են պարենային անվտանգության համակարգը՝ մատչելիությունը, հասանելիությունը, կայունությունը և սպառումը, ամբողջովին և ընդգրկուն դիտարկվեն», - նշել է Արման Խոջոյանը։
Նախարարի տեղակալը նաև գոհունակությամբ նշել է, որ այս միջոցառումը համախմբել է տարբեր գերատեսչությունների բարձրակարգ մասնագետների, որոնք պատրաստ են սինքրոնիզացված համագործակցել Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորման հարցում։
Աշխատաժողովի ընթացքում անդարադարձ է կատարվել Հայաստանի պարենային համակարգի ռիսկերին ու խոցելիությանը, երկարաժամկետ հեռանկարում պարենային համակարգերի դիմակայությանը, ներկայիս միջազգային միտումներին, կլիմայի փոփոխությանը, և պարենային ոլորտին առնչվող այլ հարցերի:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սննդի անվտանգության մասնագետ Մերի Քեննին իր ելույթում անդրադարձել է Հայաստանում պարենային համակարգերի կայունությանը, պարենային ապահովությանը, ինչպես նաև ցնցումների նկատմամբ Հայաստանի պարենայաին համակարգերի դիմակայության բարձրացմանը։
Իր խոսքում ՊԳԿ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է ազգային փաստաթղթի պատրաստման կարևորությունը, որտեղ մատնանշված կլինեն առանցքային գերակա հարցերն ու առաջնահերթությունները։
Մերի Քեննին նաև նշել է, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցությունը և շարունակական երկխոսությունը բարելավելու ուղղությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Չաթհամ հաուսի» «Emerging Risks»-ի տնօրեն, պրոֆեսոր Թիմ Բենթոնը և «Չաթհամ հաուսի» ասոցացված անդամ, «Շրջակա միջավայր և հասարակություն» ծրագրի տնօրեն Էմմա Ուիլյամսը։