Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել էպարենային անվտանգություն և պարենային կայուն համակարգեր թեմայով միջազգային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Լիլա Պետերսը, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմեսը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ։
Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որից հետո ներկայացրել է պարենային անվտանգության, ինչպես նաև կայուն պարենային համակարգեր ունենալու մարտահրավերները, տեսլականը և առաջիկայում հնարավոր անհրաժեշտ քայլերը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նախորդ մի քանի տարիների ընթացքում առաջացած համաշխարհային պարենային անվտանգության բազմաթիվ խնդիրներին՝ մասնավորպես շեշտը դնելով մատակարարման շղթայի խաթարումների, պարենային ապրանքների գների բարձրացման, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։
Անդրադառնալով պարենի անվտանգությանն ուղղված պետական քաղաքականությանը՝ Արման Խոջոյանը նշել է, որ տեղական արտադրության խրախուսումն ու օժանդակումը ՀՀ կառավարության առաջնային ռազմավարական խնդիրներից են, որոնց մասով մշակվել են ռազմավարություններ և միջոցառումներ։ Նա հավելել է, որ բացի դրանից, նախարարության կողմից իրականացվում են նաև անասնապահության ոլորտի, ջերմոցային տնտեսությունների զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսության ոլորտի և հումքի մթերումների նպատակով սուբսիդավորվող վարկերի, ապահովագրության, հողօգտագործողների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության և այլ պետական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված են պարենային անվտանգության ապահովմանը:
Արման Խոջոյանը ներկայացրել է 2022-2025 Պարենային անվտանգության ռազմավարությունը։ Այս առումով նա հատկապես կարևորել է տեղական բարձրորակ սերմի արտադրությունը և պարարտանյութի որակի և քանակի առկայությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն ևս խոսել է գյուղատնտեսության և պարենային համակարգերի կայուն զարգացման մասին և վերահաստատել Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հանձնառությունը և պատրաստակամությունը օգնելու ռազմավարական ծրագրի իրագործման հարցում։
Հանդիպման ավարտին ներկաները կարծիքներ են փոխանակել պարենային անվտանգության հեռանկարների վերաբերյալ և հույս հայտնել, որ նմանօրինակ քննարկումները կնպաստեն նաև նոր գաղափարների առաջացմանը։