Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 23-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված «Ուսանողական գիտական շաբաթ» միջոցառման բացման արարողությանը։
Միջոցառման շրջանակում անցկացվող՝ «Գիտություն-ուսանող կապի ամրապնդում» խորագիրը կրող համաժողովին իր ողջույնի խոսքում Տիգրան Գաբրիելյանն ասել է․ «Գիտության զարգացման անհրաժեշտությունը, հիրավի, ազգային հպարտության խնդիր է, իսկ հետագայում դրա ներդրումը՝ տնտեսության մեջ օրվա հրամայական։ Ստեղծված գիտական արժեքների ներդնումը տնտեսության մեջ հանդիսանալու է տնտեսթուան կայուն զարգացման, երկրի պարենային ապահովման և շուկայում Հայաստանի մրցունակության և միջազգային վարկի բարձրացման գրավական»։
Նախարարի տեղակալը չափազանց կարևորել է գյուղատնտեսության ոլորտի ֆունդամենտալ գիտական հետազոտությունների շարունակականության ապահովումը, ինչը ստեղծում է ոլորտային նոր նվաճումների համար գիտական հիմքեր։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է գիտության և բիզնեսի կապի կարևորությունը տնտեսության ոլորտների առաջընթացը և ընկերությունների մրցունակության բարձրացումն ապահովելու համար։
«Ուրախ եմ, որ այսօր ագրարային համալսարանում հնարավորություն է ստեղծվում խրախուսելու և գիտության մեջ ներգրավվելու երիտասարդներին հենց ուսանողական տարիներից, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով գիտական փորձ ունեցող ավագ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ, վերջիններիս աջակցությամբ և ուղղորդմամբ նորանոր գիտական նվաճումների հասնելու համար», - իր խոսքը եզրափակել է Տիգրան Գաբրիելյանը։
Ագրարային համալսարանի Ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ Տիգրան Գաբրիելյանն այցելել է միջոցառման շրջանակում կազմակերպված Expo ցուցադրությանը։
Ուսանողական շաբաթվա ընթացքում կանցնացվեն նաև բաց դասեր, սեմինարներ, ուսանողական գիտական ժողովներ, տարբեր կուրսերում կկազմակերպվեն հանդիպումներ գիտնականների հետ։