ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մայիսի 4-ից 6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին։
Նստաշրջանի ընթացքում Անի Իսպիրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) և հանրային ներդրումների կարգավորման իրավական ակտերը, վերջիններիս հիմնական թեզերը, զարգացման ուղղությունները։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը նստաշրջանի մասնակիցներին ներկայացրել է նաև «Շիրակ Դրայ Պորտ (Shirak Dry Port)» հատուկ տնտեսական գոտի» ներդրումային ծրագրի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Շիրակի մարզում խոշոր լոգիստիկ հանգույցի ստեղծում, որը փոխկապակցված է լինելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ։