Ապրիլի 27-ին Երևանում կայացել է «Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» խորագրով քննարկումը, որին մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Միջոցառման մասնակիցների թվում էին Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի և Ռուսաստանի՝ անասնաբուծության և ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականցնող շուրջ 50 հասարակական կազմակերպությունների և մսամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է, և այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և ընկերություններին արդյունավետ երկկողմ գործարար և առևտրային հարաբերություններ ձևավորելու համար։ Հուսով եմ, այսօրվա միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության, նաև կխթանեն ոլորտի զարգացումն ու ապրանքաշրջնառության աճը»։
Արման Խոջոյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 903.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 19.8 %-ով։
Տեղեկացնելով, որ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52,800 տոննա միս և մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 %-ը՝ Արման Խոջոյանը նշել է, որ մսամթերքի ներմուծման վիճակագրական այս տվյալները վկայում են Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան մսամթերքի ներմուծման մեծ ներուժի առկայության մասին։
Էկոնոմիկայի ախարարի տեղակալը շեշտել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ներդրումներ ներգրավել Հայաստանում խոշոր անասնաբուծական և թռչնաբուծական տնտեսություններ ստեղծելու նպատակով։
Արման Խոջոյանն իր խոսքում նաև ընդգծել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցել գործարար առաքելության ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։
«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար Դմիտրի Կրասնովը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ընդ որում ընդգծել, որ Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճում է ավելի մեծ տեմպերով, քան Ռուսաստանից դեպի Հայաստան։ «Մեր առաքելության հիմնական նպատակն է զարգացնել երկու երկրների փոխհարաբերությունները հատկապես մսամթերքի առևտրի ոլորտում, և այս ուղղությամբ մենք տեսնում ենք համագործակցության ընդլայնման լուրջ հեռանկարներ», - ասել է Դմիտրի Կրասնովը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև հայ ու ռուս գործարարների միջև առանձին հանդիպումներ։
Այցի շրջանակում ապրիլի 28-ին Ռուսաստանի պատվիրակության անդամները կայցելեն Հայաստանի մսամթերք արտադրող մի շարք ընկերություններ։