ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցության խնդիրներին նվիրված քննարկում, որը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Բույնևիչը, Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևովը, Բելառուսից ժամանած մի շարք խոշոր ընկերությունների և Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և ԵՏՀ այլ պաշտոնատար անձինք։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը նշել է․ «Մեր երկրներում տարիների ընթացքում ձևավորված առանձնահատուկ կարողությունների զարգացումը ԵԱՏՄ տարբեր ձեռնարկությունների հետ կոոպերացիայի և ինտեգրման միջոցով կարող է ունենալ սիներգիկ էֆեկտ և նպաստել արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ համաշխարհային շուկայում։ Իհարկե, այսօր հաճախ ենք ականատես լինում երրորդ երկրներից եկող մարտահրավերներին, սակայն, կարծում եմ, համատեղ ուժերով ավելի հեշտ կարող ենք գտնել առկա խնդիրների համար առավել կրեատիվ լուծումներ»։
Արտակ Քամալյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում քննարկվող կոնկրետ արդյունաբերական նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ երկրներում ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի ընդլայնման ուղղությամբ, և հավելել, որ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները պատրաստ են տրամադրել իրենց տարածքները համատեղ ձեռնարկությունների համար։
Իր հերթին Աննա Դոնչենկոն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ, ինչի մասին վկայում է երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը, որը 2021 թվականին կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։
Ըստ Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնևիչի՝ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և պատրաստ է համատեղ աշխատել տարբեր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը հատկապես մեքենաշինության, գյուղտեխնիկայի արտադրության, սարքաշինության և վերելակների տեղադրման ոլորտներում։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպման և Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների ստեղծման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա բելառուս գործարարները համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը։
Այցի ընթացքում հյուրերն այցելել են Հայաստանի արդյունաբերական մի շարք ընկերություններ, որոնց ղեկավարների հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները։