Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այց է կատարել «Օրիգինալ տեքստիլ» ընկերություն։
Ընկերությունը զբաղվում է արտահագուստի արտադրությամբ, որը հիմնականում իրացվում է ներքին շուկայում։
Այցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը կարևորել է տեխնոլոգիապես բարդ տեքստիլ արդյունաբերության զարգացումը և արդյունաբերության ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նշել, որ «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու ուղիների վերաբերյալ:
Ոլորտին առնչվող հարցերի քննարկումների ընթացքում ընկերության ղեկավարները՝ ի թիվս այլ հարցեր, հատկապես շեշտել են ոլորտում աշխատող նեղ մասնագետների պակասը։
Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ մասնագիտական կրթության անբավարար մակարդակը ոլորտի հիմնախնդիրներից է։ Այս հարցի լուծմանը կարող են նպաստել ինչպես միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը, այնպես էլ կարճաժամկետ դասընթացները։
Ռաֆայել Գևորգյանը ընկերությունների ղեկավարներին ներկայացրել է թեթև արդյունաբերության աջակցման նոր գործիքը՝ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։
«Օրիգինալ տեքտիլ» ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրական հնարավորություններն ու ծավալները, ինչպես նաև աշխատանքներ է իրականացնում սեփական ապրանքանիշի ստեղծման ուղղությամբ։