Նախարար Վահան Քերոբյանը մարտի 26-ին էկոնոմիկայի նախարարությունում առանձին զրույցների ձևաչափով հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների (մետաղագործություն, բազալտի թելի, կոշիկի արտադրություն, ձկնաբություն, ջերմոցային տնտեսություն, գյուղմթերքի վերամշակում, համակարգիչների և համակարգչային տեխնիկայի ներմուծում և վաճառք, նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառք, հանգստի և ցուցահանդեսների կազմակերպում, խորհրդատվական ծառայությունների մատուցում, անձեռոցիկների, թղթե սրբիչների, այլ իրերի արտադրություն և վաճառք) ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են իրենց խնդիրները և դրանց լուծման տարբերակները, առաջիկա ծրագրերը, զարգացման ուղիները և պետության աջակցության հնարավորությունները։
Քննարկվող խնդիրերը եղել են ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր (այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած)։
Նախարարը բոլոր խնդիրների մասով տվել է պարզաբանումներ և պատրաստակամություն հայտնել նպաստել դրանց լուծմանը նախարարության իրավասությունների շրջանակում։ Նա ներկայացրել է կառավարության և նախարարության կողմից իրականացվող աշխատանքը՝ բեռբափոխադրումների, հումքի ներմուծման, արտադրանքի արտահանման և վաճառքի, այլ դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ, նաև առաջարկել առավելագույնս օգտագործել ներկա իրավիճակում ընձեռված հնարավորությունները։
Արտադրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներին Վահան Քերոբյանը հորդորել է արտադրողականությունը բարձրացնելու նպատակով արդիականացնել սարքավորումները՝ օգտվելով կառավարության ընձեռած հնարավորություններից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստան տեղափոխվող բիզնեսին աջակցության, նոր շուկաների հնարավորությունների ուսումնասիրության, միջին մասնագիտական հաստատությունների ստեղծման, նախարարության հետ համագործակցության և բիզնեսի համար կարևոր տեղեկատվության հասանելիության անհրաժեշտությունը։