ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 24-ին մասնակցել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողովին։
Համաժողովի հիմնական նպատակն էր հավաքագրել ոլորտում առկա գիտելիքները՝ հիմնվելով միջազգային առաջադեմ փորձի վրա, վերլուծել ոլորտում առկա խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության գծով պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, ֆերմերներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Ոչխարաբուծության ոլորտի զարգացումը Հայաստանում պայմանավորված է ոչխարաբուծության համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանների և արոտավայրերի ընդարձակ տարածքների առկայությամբ։ Այս ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն նպաստում է ոչ միայն պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի մասին վկայում են յուրաքանչյուր տարի մեր երկրում արձանագրվող ոչխարի արտահանման բարձր ցուցանիշները»։
Նախարարի տեղակալը հավելել է, որ նմանատիպ միջոցառումները կարևորվում են այն առումով, որ ֆերմերների շրջանում բարձրանում է իրազեկվածության մակարդակը կենդանիների պահվածքի, կերակրման նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով, ինչ էլ, իր հերթին, նպաստում է արտադրողականության բարձրացմանը։ «Կարևոր է նաև ծրագրի կողմից իրականացված փորձացուցադրական տնտեսությունների ստեղծումը և ներկրված տոհմային կենդանիների առկայությունը, նաև ծրագրի հետևողականությունը, այն է՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ տարբեր ուսուցումների կազմակերպումը», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին ասել է․ «Ոչխարաբուծությունը Հայաստանում անասնապահության կարևորագույն ճյուղերից է, որն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը։ Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է ընձեռում վերհանելու ոլորտում առկա խոշոր խոչընդոտները և առաջադրելու նոր գաղափարներ ու լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանում ոչխարաբուծության կայուն աճին»:
Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլիի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունները նախատեսում են համագործակցություն շրջակա միջավայրի պահպանման, պաշտպանության, բարելավման և վերականգնման, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն եղանակով օգտագործման ուղղությամբ:
«ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրն ընդլայնում է տեղական ավելացված արժեքը, արդիականացնում է պաշտոնական վերահսկողությունը կարգավորող իրավական դաշտը, երաշխավորում է կենդանիների առողջությունը և ապահովում է ավելի անվտանգ սննդի շղթա», - ընդգծել է Անդրեա Բաջջիոլին:
Հայաստանում ոչխարաբուծության արժեշղթայի ձևավորմանն աջակցելու նպատակով ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, Հայաստան են առաքվել ոչխարի ավելի քան 400 գլուխ բարձր մսատվություն ապահովող ցեղատեսակներ և բաշխվել ծրագրի շահառու ֆերմերների շրջանում: Շիրակի մարզում գործունեություն ծավալող բրդի վերամշակման և ոչխարի կաշվի արտադրությունները ստացել են օժանդակություն նոր սարքավորումների տեսքով, իսկ ոչխարաբույծ ֆերմերների համար կազմակերպվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ: Ծրագրի շրջանակում օրերս Շիրակի մարզի Ազատան համայնքում հիմնադրվել է տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական կենտրոնը:
Միջոցառումը կազմակերպվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակը։