Մարտի 9-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատում» կիրառական դասընթացի վկայականների հանձնման արարողությանը։
Դասընթացների մասնակիցների վկայականները հանձնել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն և ՀՀ Վարչապետի ԿԱԳ վարչության պետ Գեղամ Թովմասյանը:
Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը շնորհավորել է մասնակիցներին և ավելացրել․ «Ի սկզբանե այս դասընթացը նախատեսված էր էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման համար, և ես շատ ուրախ եմ տեսնել, որ այսքան շատ պետական աշխատողներ՝ տարբեր գերատեսչություններից, մասնակցել են ԿԱԳ դասընթացին։ Դա նշանակում է՝ կարևորել են այն ու հետագայում վստահ եմ, որ այս մասնագետներն իրենց աշխատանքով և իրականացրած կարգավորման ազդեցության որակյալ գնահատմամբ, մեծապես նպաստելու են կառավարության կողմից ընդունվող որոշումների որակի վրա՝ ավելի մեծացնելով դրանց արդյունավետությունը»։
Իր բացման խոսքում պարոն Թովմասյանը նշել է․ «Շնորհավորում եմ բոլորիդ ԿԱԳ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Այս համակարգը իրոք շատ կարևոր համակարգ է երկրում փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման տեսանկյունից։ Հուսով եմ, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն ամենօրյա Ձեր աշխատանքում»։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելլոն ողջունելով ներկաներին նշել է․ «Կարգավորման ազդեցության գնահատումը հաջողությամբ իրականացվում է աշխարհի շատ երկրներում: Մեր նպատակն է տեղայնացնել ԿԱԳ իրականացման միջազգային լավագույն փորձը, աջակցել Հայաստանի պետական կառույցներին և մասնավորապես էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու համապատասխան իրավական ակտեր և մեթոդական ուղեցույցներ։ Ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է և իրականացնում է վճռորոշ քայլեր այս բարեփոխումը կյանքի կոչելու համար»։
2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը մշակել և անցկացրել է ԿԱԳ կիրառական դասընթաց՝ բաղկացած դասախոսությունների և գործնական աշխատանքների 3 ժամանոց 17 դասընթացներից։ Դասընթացին մասնակցել են տասը գերատեսչությունների 54 աշխատակիցներ։