Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է տեքստիլ մի քանի ընկերություններ։
Այս անգամ այցելություններ են կատարվել ոչ միայն խոշոր, այլև փոքր ընկերություններ։
Նախարարի տեղակալը եղել է «Ալեքս Տեքստիլ», «Քանաքեռի կարի գործարան», «Սոնատի» և «Հելոտեքս» ընկերություններում։
«Ալեքս Տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել է գերհզոր և ժամանակակից սարքավորումներով արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները, արտահանման ծավալներն ու ընկերության զարգացման ծրագրերը։
«Քանաքեռի կարի գործարան» ընկերությունը մասնագիտացել է արտահագուստի, ինչպես նաև բանակի համար համազգեստի արտադրության մեջ: Ներկայումս ընկերությունը համազգեստ է արտադրում հայկական Զինված ուժերի համար։
«Սոնատի» ընկերությունն արտադրում է բարձրակարգ անկողնային պարագաներ։ Ընկերությունը ուրույն տեղ է վաստակել տեղական շուկայում և ծրագրում է արտահանման գործընթաց սկսել դեպի ԱՄՆ։
Տեքստիլ ընկերություններ այցերի ընթացքում նկատվել է, որ սեփական ապրանքանիշը ստեղծելու և զարգացնելու դրական միտում է նկատվում հատկապես փոքր ընկերությունների շրջանում։
«Հելոտեքս» ընկերությունը նույնպես մեծ աշխատանքներ է իրականացրել իր ապրանքանիշը զարգացնելու գործում․ ընկերության արդեն հայտնի «Artsocks» ապրանքանիշն արտահանվում է եվրապական մի շարք երկրներ։
Այցերի ընթացքում հավաքագրված խնդիրների շարքում դարձյալ առաջնային է մնում ոլորտի նեղ մասնագետների՝ կարի օպերատորիների, տեխնոլոգների, նախագծողների և սարքավորումների ինժեներների հարցը։
Շուրջ մեկ ամսվա ընթացքում տեքստիլ ընկերություններ կատարած այցերի արդյունքում հավաքագրված բոլոր խնդիրները նախատեսվում է ներառել Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարության մեջ, որտեղից էլ կբխեն ոլորտի աջակցության տարաբնույթ գործիքները։