Մարտի 1-ին Երևանում կայացել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովը։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Համաճարակի տնտեսական հետևանքների պայմաններում կառուցապատողները տնտեսության լոկոմոտիվի դեր ստանձնեցին՝ նպաստելով տնտեսության արագ վերականգնմանը, ինչի արդյունքում բոլոր կանխատեսումներից ավելի լավ տարի ամփոփեցինք։ Կառուցապատման գործընթացների խթանման, ոլորտում առաջացող խնդիրների լուծման նպատակով շուրջ 1 տարի է, ինչ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որի ջանքերով շարունակաբար վեր են հանվում և լուծում ստանում ոլորտի բազմաթիվ հարցեր։Այս ոլորտում մեր նպատակն է ոչ միայն իրականացնել մասշտաբային նախագծեր, այլև այնպիսիք, որոնց շնորհիվ ավելի լավը կդարձնենք Երևանը և Հայաստանը»,-նշել է նախարարը։
Միջոցառման մասնակիցները կարևորել են կառուցապատման ոլորտի վերականգնումն ու զարգացումը, որը կարևոր գործոն է տնտեսության զարգացման և շարունակական ներդրումների ապահովման համար:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ձևավորված կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքին, որում ընդգրկված են Ասոցիացիայի, պետական կառավարման մարմինների և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, և ներկայացրել աշխատանքային խմբի շրջանակում վերհանված և կարգավորում ստացած բազմաթիվ խնդիրներ։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել նախարարին և էկոնոմիկայի նախարարությանը՝ մշտական աջակցության և ոլորտի նկատմամբ ունեցած դիրքորոշման համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև ասոցիացիայի առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերն ու նախագծերը, ոլորտի մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները: Որպես նախորդ տարում մեկնարկած համագործակցության հաջորդ քայլ առաջարկվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծել քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր գեներացնող կենտրոն:
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։