Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում տեքստիլ ոլորտի ընկերություններ այցերը շարունակվում են։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել «Զաքարյան ջինս» և «Լենտեքս» ընկերություններ։
Փոխնախարարը շրջայց է կատարել գործարաններում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին ու գործարանների տեխնիկական հագեցվածությանը։
Գործարարների հետ մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում հավաքագրվել են արդյունաբերական գործընթացին, արտադրանքի արտահանման ու իրացմանն առնչվող խնդիրները, ներկայացվել են ոլորտի զարգացման լրացուցիչ առաջարկություններ:
Ընկերությունները փորձում է համագործակցել Գյումրիի միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ համալրելու համար թափուր աշխատատեղերը: Արտադրական գործընթացում ներգրավված են նաև միջազգային փորձ ունեցող մասնագետներ։
Ռաֆայել Գևորգյանն իր խոսքում նշել է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում արդեն իսկ առկա են զարգացման դրական արդյունքներ, և Կառավարության նպատակն է արագ զարգացող այս ոլորտում անել հնարավորը՝ առկա ներուժի արդյունավետ օգտագործման և ոլորտին նոր ազդակներ հաղորդելու հարցում։ Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է թեթև արդյունաբերության աջակցման նոր գործիքը՝ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի եվ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ։
«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվար ամսին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում: