ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 10-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգի գործընթացին։ Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների և ԷՆ հանրային ներդրումների քաղաքականության վարչության ներկայացուցիչները։
Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության գերակայություններին և ռազմավարական ծրագրերին:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Այս համակարգի ներդրման հիմնական նպատակն է հանրային ներդրումների կառավարման արդյունավետության բարձրացումը: Անհրաժեշտություն կա ճիշտ պլանավորել, ճիշտ գնահատել և սահմանել առաջնահերթությունները, որպեսզի հնարավոր լինի առավելագույնի հասցնել արդյունքները: Այս համակարգը պետք է սահուն կերպով ներդնենք, որպեսզի ընթացիկ նախագծերը ոչ մի կերպ չտուժեն, իսկ շրջանառման մեջ դրվող նոր նախագծերը ավելի լավ հիմնավորված լինեն»։
Այնուհետև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է հանրային ներդրումների կառավարման հայեցակարգը, գործընթացի փուլերը, գործընթացում ընդգրկված մարմինների հիմնական գործառույթները։ Փոխնախարարն անդրադարձել է նաև առաջարկվող հիմնական չափորոշիչներին` մարդկային կապիտալ, ոլորտի ռազմավարությանը համապատասխանություն, ենթակառուցվածքի նշանակություն, ռիսկայնություն և տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առանձնացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք առավելագույնս կնպաստեն երկրի տնտեսական աճին: Ներկայացվել են նաև ծրագրերի բազմաչափորոշիչ գնահատման հիմնական քայլերը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային ներդրումների կառավարման համակարգի վերաբերյալ, ներկայացրել մի շարք առաջարկություններ։
Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպումները կունենան շարունակական բնույթ: