Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված կլոր սեղանին, որը նվիրված էր «Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված աջակցող միջավայրի ձևավորում» հետազոտական ծրագրի, ինչպես նաև Հայաստանում կլիմակայուն սերմերի մշակման և բազմացման հայեցակարգի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին պետական, կրթական և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր սերմարտադրողներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի տնօրեն Դավիթ Բաբայանը համառոտ ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունն ու հիմնական գործառույթները։
Այնուհետև նա անդրադարձել է ծրագրի հիմնական ուղղություններին, որոնք են՝ ՀՀ-ում սերմերի կառավարման համակարգի վերաբերյալ քաղաքականության հայեցակարգի մշակումը, սերմերի ազգային գրանցամատյանի բարելավումը (արդեն հաստատվել է օգտագործման թույլտվություն ունեցող սերմերի սորտերի նոր ցանկը, որը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), կլիմակայուն սերմերի նոր տեսակների և սորտերի փորձարկումը և բազմացումը (մասնավորապես, իրականացվել է սագախոտի (քինոայի) սերմերի և աշնանացան ցորենի սորտափորձարկում և ստացված սերմերը տրամադրվել են ֆերմերային տնտեսություններին)։
Ծրագրի այլ ուղղությունների թվում Դավիթ Բաբայանը նշել է նաև կլիմայական և չորադիմացկուն սորտերի աճեցման վերաբերյալ Շիրակի և Գեղարքունիքի շուրջ 50 ֆերմերների համար երկօրյա դասընթացների իրականացումը և մասնագետների հետ սերմերի կառավարման համակարգի վերաբերյալ հարցազրույցների իրականացումը։
Շնորհավորելով Կենտրոնի և համագործակցող կազմակերպուոթյունների աշխատանքային թիմին այս ծավալուն ծրագիրը նախաձեռնելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հանդիպմանը ներկա բոլոր մասնագետների կարծիքները էական նշանակություն են ունենալու, քանի որ դրանք վերջնարդյունքում դառնալու են բոլոր կողմերի համար գործնականում կիրառվող օգտակար գործիքներ։
«Նմանատիպ ծրագրերի իրականացումը մեր երկրում շատ կարևոր է, քանի որ այս գործառույթների արդյունքում են բացահայտվում երկրում առկա բացերը տվյալ ոլորտում, ինչն իր հերթին մեծապես օգնում է մեր երկրի թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմիններին նոր քաղաքականության մեջ ներգրավմանը, նոր ռազմավարական փաթեթների ստեղծմանը և այլ հնարավոր կարգավորումների մշակմանը», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվող ծրագիրը մշակվել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ։ Ծրագրի մեկնարկը տրվել է շուրջ մեկ տարի առաջ և այն տարածաշրջանային ծրագիր է, որում ընդգրկված են Հայաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Տաջիկստանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական դրույթներն ու հայեցակետերը, մասնակիցները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել ծրագրի բարելավման վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկությունները։