Սեպտեմբերի 25-ին Երևանում կայացել է «Թռչունների ակտուալ հիվանդությունները Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում․ Նոր լուծումներ» համաժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը և Անասնաբուժության բաժնի գլխավոր անասնաբույժ Մարիաննա Խաչատրյանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներ, փորձագետներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում թռչունների հատկապես վտանգավոր հիվանդությունների էպիզոոտիկ իրավիճակն ու նոր սպառնալիքները, թռչունների հիվանդությունների կանխարգելման համար պատվաստանյութերի մշակմանն ու արտադրությանը, արդյունաբերական թռչնաբուծության մեջ թռչունների վիրուսային հիվանդությունների դեմ արդյունավետ պատվաստումներին, թռչնի հիվանդությունների լաբորատոր ախտորոշման հեռանկարային ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։
«Մենք հրավիրել ենք թռչունների ինֆեկցիոն հիվանդությունների գծով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների, որպեսզի քննարկենք թռչունների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ նոր ենթատեսակների, կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցները», - նշել է միջոցառման կազմակերպիչ, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության (ФГБУ «Федеральный центр охраны здоровья животных») թռչնաբուծության հիվանդությունների կանխարգելման լաբորատորիայի վարիչ Նատալյա Մորոզը, Էպիզոոտոլոգիայի և մոնիթորինգի լաբորատորիայի վարիչ Միխայիլ Վոլկովը և թռչունների հիվանդությունների կանխարգելման լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆրոլովը։