Օգոստոսի 20-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցությունն անցյալում եղել է բավականին բարձր մակարդակի, սակայն անհրաժեշտ է ատիվացնել այն՝ լիարժեք օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ շնորհավորելով նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա նշել է, որ նաև հանդիպել է Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռուբեն Խարազյանի հետ և համոզված է, որ վերջինիս նշանակումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև առկա հարաբերություններին։
Երկուստեք ընդգծվել է, որ բավականին արդյունավետ համագործակցություն կա երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև․ դեսպանը նշել է, որ հայկական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Թուրքմենստանում կազմակերպվող ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր փոխադարձ առևտրաշրջանառության ակտիվացման վերաբերյալ։ Կողմերը համակարծիք են եղել, որ համագործակցության լայն հնարավորություններ կան հատկապես թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։
Նախարարն առաջարկել է դիտարկել նոր առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները և հայկական կողմին տրամադրել թուրքմենական կողմին հետաքրքրող ապրանքների և ծառայությունների ցանկը։ Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր գաղափարի համար՝ դեսպանն, իր հերթին, առաջարկել է կազմակերպել հանդիպում ոլորտի փորձագետների համար երկու կողմերի փոխնախարարների գլխավորությամբ։ Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանների համագործակցությանը՝ նշելով, որ երկու երկրների մասնագետների կողմից անցկացվող դասընթացները գիտելիքների փոխանցման և փորձի փոխանակման լավ աղբյուր են։
Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը օնլայն ռեժիմով անցկացնելու հարցը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրում ապրանքափոխանակման մեխանիզմի կիրառման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: